
Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը: Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք նաև պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բոլոր կողմերի օգտին է»,- մեջբերում է IRNA գործակալությունը Մուսավիի խոսքը: Նա հավելել է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ է անում ներքաշվելու վտանգավոր խաղի մեջ»:
ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, ի հեճուկս կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: Կարեւոր հանգամանք է այն փաստը, որ, Իսպանիայի ներկայացուցչի խոսքով՝ Բրիտանիայի կողմից լցանավի կալանումը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով»: