«Իմ կարծիքով, ափամերձ տարածքներն ուղղակի պետք է մաքրվեին անտառներից, շինություններից, որոնց մեծ մասն ապօրինի է և սահմանված նիշից ցածր են սարքվել, և դրանք, ուշ թե շուտ, ջրասույզ են լինելու։ Մենք պետք է դրանից սկսեինք, բայց ոչինչ չեն արել։ Ինձ տեղեկացրին, որ մոտ 1800 շինություններից 800-ը քանդվել են, բայց նույնիսկ այդ 800 քանդված շինություններն իրավիճակ չեն փոխել, որովհետև դա ափերի ամբողջությամբ մաքրում չէ»,- 5-րդ ալիքի եթերում անդրադառնալով Սևանա լճի կանաչելուն ու դրա պատճառներին՝ հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը։
Վերջինս կարծում է, որ ափերը պետք է մաքուր լինեն, որ մենք կարողանանք ջրին ապրելու ազատություն տալ։
«Մենք Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիր ունենք։ 6 մետր պետք է բարձրանա լիճը, որպեսզի այսօրվա կանաչ պատկերը չունենանք։ Այսինքն՝ պետք է գոյանա սառը շերտը, որ ջրիմուռները չկարողանան ծաղկել։ Բայց մենք դրա համար այս պահի դրությամբ էլ ոչինչ չենք անում։ Միայն խոսում ենք»,- ասաց ԱԺ իշխանական պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը տարակուսում է նաև, որ իշխանությունները չեն շտապում, ու դա խնդիր է։
«Հրատապ պետք է ստեղծվի մասնագիտական հանձնաժողով, ու մենք էլի ոչ թե նստենք մի տարի ու քննարկենք, թե ինչո՞ւ ծաղկեց Սևանը, այլ ռեալ քայլեր իրականացնենք… Մենք չենք կարող հավերժ նստել ու սպասել, որ նախկինում որևէ պաշտոնատար անձ, ով այդ հատվածում ամառանոց ունի, ե՞րբ պետք է քանդի այն ու տեղափոխի, և մենք այդ հատվածը համարենք մաքրված։
Նախկին լրագրողը չուներ այն հարցի պատասխանը, թե ի՞նչն է իշխանություններին խանգարում քանդել ափամերձ շինությունները, եթե դրանք ապօրինի են։
«Ես լիազորություն չունեմ քանդելու, թե չէ վաղուց էի քանդել։ Բայց այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի է, թե մենք ինչո՞ւ չենք բարձրացնում Սևանա լճի մակարդակը, որովհետև մենք գիտենք, որ լուծումը լճի ջրի մակարդակի բարձրացումն է»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ շեշտելով, որ Սևանի հարցում ինքը պատրաստ է լինել ամենահակահեղափոխական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։