Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու փոխարեն՝ իշխանական քարոզչամեքենան երկրի ներսում զբաղված է թշնամական հռետորաբանությամբ, և ոչ ավել, ոչ պակաս, ինքն իրեն հարց է տալիս և ինքն էլ պատասխանում։
Նախ, որոշ «վերլուծաբանների» հետաքրքրում է՝ «Իսկապե՞ս լայնածավալ պատերազմի վտանգն այդքան մեծ է, թե՞ ընդդիմությունը իզուր ջուր է պղտորում»։ Հետո էլ, թե՝ բա եթե էդքան մեծ է, ինչո՞ւ է ընդդիմությունը (բնականաբար, նկատի ունեն ՀՀԿ-ին և Քոչարյանին) վարկաբեկում երկրի վարչապետին, ով պատերազմական իրավիճակում պիտի լինի Գերագույն հրամանատարը։
Այ սիրելի վերլուծաբաններ, ախր ձեր վարչապետին վարկաբեկելու համար նույնիսկ թեթև ջանքի կարիք չկա, ինքը իրեն լավ էլ վարկաբեկում է, ինչո՞ւ իզուր էներգիան ծախսել մի բանի վրա, ինչը «ինքնըստինքյան» լինում է։ Հետո՝ այո, պատերազմի վտանգը իրոք մեծ է, սթափվեք և ներքին թշնամիներ որոնելու, ներքին խժդժություններ հրահրելու, երկրի ներսում իրավիճակը լարելու փոխարեն՝ բացեք ականջները, աչքերը և լսեք, թե ձեզ ինչ են ասում պրոֆեսիոնալները, մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել և դիվանագիտական «այբն ու բենը» գիտեն գերազանց, երկրի առջև ծառացած խնդիրները զգում են յոթերորդ զգայարանում, ի զորու են փաստերը համադրել, վերլուծել։ Բան են ասում, զգուշացնում են, լսեք, հետություններ արեք և ոչ թե էժանագին տրյուկներով փորձեք ընդդիմադիրներին մեղադրել դավաճանության մեջ։ Աշխարհաքաղաքական այս լարվածության պարագայում, տարածաշրջանում այս պայթյունավտանգ պայմաններում էշի ականջում քնած մի մնացեք, իսկ ընդդիմությունը, մասնավորապես հենց ՀՀԿ-ի գործիչները, փորձում են ձեր աչքերը բացել։
Ինչ վերաբերում է նոր իշխանություններին, վտանգների մասին ահազանգելը դավաճանություն չէ, այդ վտանգները չտեսնելը, դրանց դեմն առնելուն ուղղված գործողություններ չանելն է դավաճանություն։
Ինչ վերաբերում այն «սպասումներին», որ հիբրիդային պատերազմի պարագայում Ադրբեջանը պիտի փորձեր մեր երկրի ներսում սերմանել ատելություն և չհասկացվածություն, չարաչար սխալվում եք, այդ բանը անում եք հենց դուք, իշխանության պատգամավորներ, որովհետև հենց դուք եք հպարտանում, թե ադրբեջանական մամուլը Նիկոլ Փաշինյանի մասին ավելի շատ է գրում, քան Ալիևի, կամ, ձեր վարչապետն է, չէ՞, Ալիևին «կիրթ» համարել, ի՞նչ կապ ունի ընդդիմությունը այս սիլի-բիլիներում։ Եվ, վերջում, եթե ձեզ ձեռնտու է մտածել, որ պատերազմի լայնածավալ վերսկսման վտանգը մեծ չէ, ուրեմն շարունակեք «արածել ձեր առջև դրված խոտը, մինչև կբացվի առավոտը», որը ձեզ համար բոլորովին հաճելի չի լինելու։ Հայտնի խոսք կա՝ ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, բայց դուք դա փորձում եք վտանգավորության աստիճանի խմբագրել, դուք մղում եք ներքին պատերազմ, ներքին թշնամիներ որոնելով և փորձելով նրանց քարոզչական դաշտում հաղթել։ Իրական պատերազմը և իրական թշնամիները մեր երկրի սահմաններից դուրս են, և ընդդիմությունը հենց սրա մասին է ձեզ հիշեցնում, ահազանգում, հենց սա է ասվում ձեզ։
Լևոն Ավագյան