
Մեկնարկել են Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ ընկերության կողմից` Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում: «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝ նշված ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և նոր շերտի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,- նշում են նախարարությունից: