
Երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու համար Երևանի փողոցները առաջիկայում կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Տեղադրվելու են ինքնակարգավորվող նոր լուսացույցներ, կլինեն նոր գծանշաններ, հետիոտնային անցումների մոտ տեղադրվելու են անվտանգության լրացուցիչ պատնեշներ, հատկապես վտանգավոր փողոցներում: Հետիոտների խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, տեսնում ենք, որ պետությունը հսկայական միջոցներ է ծախսում, որ վերգետնյա անցումներ կառուցի, ստորգետնյա անցումները վերանորոգվեն, սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ իրենց երեխաների հետ վազում են հետիոտնի համար չնախատեսված վայրով: Դա անթույլատրելի է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ Երևանի փողոցների նոր կահավորումները կանխարգելիչ միջոցառումներ կլինեն՝ վթարներից ու դրանց հետևանքով զոհերից խուսափելու համար: