Երեկ՝ հուլիսի 15-ին, «Իրավական ուղի» ՀԿ-ն հրապարակեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ տեղ գտած Հայաստանի Հանրապետությում տեղի ունեցող գործընթացներին վերաբերվող նկատառումները, որում անդրադարձ կա նաև վեթինգին։ Այս մասով արձանագրության մեջ մասնավորապես նշված է.
«Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում»։
արածվող փաստաթուղթը թեժ քննարկումների առիթ դարձավ, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջին 6-7 ամիսների ընթացքում խոսում են դատաիրավական բարեփոխումների նպատակով վեթինգը որպես անցումային արդարադատության գործիք կիրառելու անհրաժեշտության մասին։ Իսկ իշխանության ներկայացուցիչները և նրանց աջակիցները յուրաքանչյուր հնարավոր առիթ օգտագործում են դրա կարևորությունը հիմնավորելու համար։ Վերջիններս վեթինգի կիրառման քննադատություների, դրա վտանգների և դրա շուրջ առկա մտահոգությունների կապակցությամբ որպես հիմնավորում բերում են միջազգային կառույցների աջակցությունը։
Դեռևս մայիսի 27-ին 168.am-ում հրապարակված հոդվածի կապակցությամբ, որի համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը armenpress.am-ին փոխանցել էր, որ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները։