Կլինեն ներդրումներ, կկարճվի քրեական գործը. politik.am
Advertisement 1000 x 90

Կլինեն ներդրումներ, կկարճվի քրեական գործը. politik.am

Օրերս ռուսաստանցի հայ գործարար Վահե Պարազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, թիկնապահների հետ ծեծել է նրան ու պահանջել 10 միլիոն դոլար։

Այս հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց հուլիսի 16-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ Նարեկ Կարապետյանի` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբայր) որդու դեմ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթումը։

Կատարվածը վառ երանգներով լուսաբանում է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը և համանուն լրատվական կայքը։ Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ջանասիրությունը շատերի մոտ հարց է առաջացնում, թե ինչո՞վ է իշխանական ընտանիքը հետաքրքրված այս պատմությամբ։

Պատասխանը թաքնված է Հայաստանի ներքաղաքական խնդիրներում։ Նարեկ Կարապետյանի հորեղբայրը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց մեկ տարի առաջ բազմաթիվ տնտեսական ծրագրեր էր նախաձեռնել, որոնք դրական փոփոխություններ էին բերելու Հայաստան։ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր նաև ներդրողների ակումբ, որում ներգրաված էին տասնյակ գործարարներ արտասահմանից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո գործարարը դադարեցրել է իր ծրագրերը, քանի որ վստահություն չկա, որ ուժային կառույցները չեն փորձի հարվածել նաև այդ նախագծերին, ինչպես վարչապետի անմիջական հրահանգով դա անում են շատ այլ գործարարների դեպքում։

Սամվել Կարապետյանի կողմից հնարավոր ներդրումների սառեցումը լուրջ հարված էր Փաշինյանի կառավարությանը։ Չպետք է մոռանալ, որ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Փաշինյանի կառավարությունը մի քանի անգամ փորձ արել է համագործակցել Սամվել Կարապետյանի հետ և Հայաստանի տնտեսություն ներարկել նրա կողմից նախկինում խոստացված ներդրումները, սակայն գործարարը քաղաքավարի մերժել է իշխանությանը։ Կարապետյանների ընտանքին, իհարկե, որոշակի ծրագրեր իրականացնում են, սակայն դրանց ծավալները բազմակի անգամ փոքր են, քան կարող էին լինել։

Փաշինյանն, ըստ էության, Սամվել Կարապետյանի մերժումը գնահատել է որպես թշնամական ակտ, և սրանով է պայմանավորված իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ագրեսիվ կեցվածքը։ Տեսանելի է նաև մեկ այլ պլան, որը այս պահին շատերի համար անհավատալի կարող է թվալ։ Նարեկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը իշխանությունների համար հնարավորության պատուհան է՝ երկրորդ անգամ  բանակցել Սամվել Կարապետյանի հետ ներդրումների մասով։ Եվ եթե Կարապետյանը համաձայնի մեծածավալ ներդրումներ անել,  ապա շատ արագ կմոռացվեն քրեական գործն ու անախորժ պատմությունը։

Ի վերջո, մենք տեսնում ենք տասնյակ օրինակներ, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք ունեն փող և խնդիր օրենքի հետ, որոշակի քայլեր անելուց հետո վերածվում են խոշոր սեփականատերերի ու անգամ մասնակցում խնջույքների իշխանության վերնախավի հետ։

politik.am