
Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող, Եվրո-2020-ի ՈւԵֆԱ-ի դեսպան, պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` պորտուգալացին պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Գոմեշը փաստեց, որ Հայաստանում է երկու աշխատանքային օրով, որի ընթացքում կհետևի նաև այս օրերին Երևանում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի Մ19 տարեկանների առաջնությանը: «Ես առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ: Այստեղ եմ եկել նաև տարիներ առաջ ազգային թիմի հետ»,- ասաց նա:
Պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքով` ֆուտբոլի զարգացման համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել պատանի ֆուտբոլիստներին, ինչն արդեն իսկ արվում է Հայաստանում: «Հիմա ամենակարևոր տեղում եմ, որտեղ պետք է այցելեի և նման կերպ փորձում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին»,- ընդգծեց նա:
Գոմեշը լիահույս է, որ Երևանում ընթացող Եվրո-2019-ում Պորտուգալիայի ընտրանին, որը մրցաշարի գործող չեմպիոնն է, կարող է հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ:






