Սևանա լճի ջուրը շատ այլ տեղերի ջրերից ավելի մաքուր է, բայց այն խմելու որակի ջուր չէ և չի կարող լինել։
Այսօր Աժ–ում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը` անդրադառնալով վերջին օրերին լճում անցկացվող տարատեսակ քարոզչական ակցիաներին։
«Ես ձեզ պարզապես խնդրում եմ՝ կոչ մի՛ արեք, որ դուք Սևանի ջրից խմում եք ու ոչ մի վտանգ չկա։ Կարող է 1-2 անձ, ովքեր այդտեղ ապրում են, այդ ֆլորային սովոր են կամ ուժեղ իմունիտետ ունեն, խմեն ու ոչինչ չլինի, բայց դրան անպատրաստ մարդիկ, տուրիստներ կարող են գալ, ջուր խմել և հիվանդանալ»,-ասաց Նունե Բակունցը։
Նա նաև հայտնեց, որ ջրում տոքսինների տարբեր կոնցենտրացիաներից կախված՝ մարդու մոտ կարող է առաջանալ մաշկային ցան, ասթմատիկ նոպա, ալերգիկ շոկ։ Իսկ հեպատոտոքսինները կուտակվում են լյարդում` հանգեցնելով դրա ֆունկցիայի խախտման։
Բակունցը նշեց նաև, որ Առողջապահության նախարարությունը լճի ջրի շարունակական մոնիթորինգ է իրականացնում, և եթե ջրում վտանգ հայտնաբերվի, դրա մասին կտեղեկացնի։
Ինչ վերաբերում է լճում լողալուն, ԱՆ պաշտոնյան վստահեցրեց, որ վերջին հետազոտության արդյունքներով՝ Սևանը լողալու համար անվտանգ է եղել։
«Մենք հայտարարել ենք 3 օր առաջ, որ այս պահին որևէ լողափում թունականացում չկա։ Բայց ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ լիճը կենդանի օրգանիզմ է, ջրիմուռներն էլ են կենդանի օրգանիզմ, և իրավիճակը կարող է փոխվել»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկումն ԱԺ-ում նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը:
Ս.թ. հուլիսի 15-ին Սևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերը ցուցադրաբար Սևանից ջուր խմեցին` որպես ապացույց, որ այն վտանգավոր չէ։
Օբյեկտների տերերն առաջարկեցին Սևանի ջրից համտեսել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ու «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին: Վերջինս, ի դեպ, անցյալ տարի Սևանից ջուր խմելու ակցիայի կազմակերպիչն էր։ Պաշտոնյաներն այս տարի մերժեցին առաջարկը՝ այն «անլուրջ» որակելով։ Փոխարենը` չհրաժարվեցին լճում լողալուց։
Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի «ծաղկել» էր նաև 2018թ.-ի ամռանը։ Այդ ժամանակ, ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր լճի ջրից։ Նրա օրինակին հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։
Իսկ հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը, վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճ` լողալու։