Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ
Advertisement 1000 x 90

Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ամառն ու աշունը լեցուն կլինեն տարատեսակ փառատոններով: Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական խոհարարական կատակ-մրցույթ, որը շատ հետաքրքիր է լինելու: Սևանում կանցկացվի հեղինակային երգի «Բարդեր» փառատոնը, Դիլիջանում` ավանդական դարձած մեկ այլ «Մշակութային վերածնունդ» փառատոնը: Սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» փառատոնը, որը նույնպես արդեն ավանդական է: Արենի գյուղում հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը կանցկացվի գինու փառատոնը, Բերդում՝ մեղրի և հատապտուղների փառատոնը: Փառատոններով լեցուն ամառ ու աշուն ենք ունենալու: Արցախում նույնպես շատ հետաքրքիր փառատոններ են սպասվում»,- ասաց Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ արդեն իսկ տեղի ունեցած փառատոնները մեծ հաջողություններ են գրանցել զբոսաշրջային հետաքրքրության առումով:

«Օրեր առաջ մի նոր իրադարձություն ի հայտ եկավ հայաստանյան զբոսաշրջության ոլորտում` «Yerevan Gastro Day»-ը, որը շատ հաջող մեկնարկ ունեցավ: Շատ սիրվեց այդ փառատոնը թե տեղացիների, թե օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից, և մեծ հավակնություն ունի դառնալու ամենամյա, ավանդական փառատոն ու ամեն տարի այդ օրերին մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք կունենանք այդ փառատոնի համար: Շատ հաջողվեց այս տարի առաջին անգամ արդեն Զվարթնոցի տաճարում անցկացված ավանդական դարձած տոլմայի փառատոնը: Այն նույնպես լի էր շատ տեղացիների ու օտարերկրացիների երջանիկ դեմքերով»,- նշեց նա:

Մեխակ Ապրեսյանի խոսքով` Հայաստանում ներգնա այցելությունների աճն էապես պայմանավորված է փառատոնների առկայությամբ ու ավելացմամբ, և շատ կարևոր է, որ այս փառատոններն ունենան նաև պետական աջակցություն:



Նման նյութեր