ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:
«Կինոյում երկար տարիների իր լռության պատճառը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն այսպես է մեկնաբանել. «Սցենարներ միշտ ունեմ, բայց դրանց էկրանավորման համար փող չկա։ «Հոմո սափիենս» ֆիլմի սցենարն արդեն քանի տասնամյակ պատրաստ է, բայց այդպես էլ ֆիլմ չի դառնում՝ ֆինանսների բացակայության պատճառով»։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպմանն այսօր օրակարգում էին վարպետի կինոծրագրերը՝ երկար լռությունից հետո: Քննարկվեց նաև ռեժիսորի նոր՝ «Իմ տիեզերքը» ( վերնագիրը՝ առայժմ պայմանական) գիրքը հրատարակելու հարցը:
Հայաստանում գտնվելու ընթացքում Արտավազդ Փելեշյանը վարպետության դաս կանցկացնի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Կմասնակցի Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60 և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիված հոբելյանական միջոցառումներին»,- ասված է գրառման մեջ: