Դա սիմվոլիկ ակցիա էր, որով ես ուզում էի երկու բան ցույց տալ: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով դատարանների արգելափակման մասին:
«Ես ուզում էի ցույց տալ, որ ժողովուրդ ջան, հերիք է ասել, թե ինչու ես որոշեցի էս մեկին բաց թողնել, էս մեկին բռնել: Երկրորդը ես ուզեցի ցույց տալ, որ չի կարող լինել դատական համակարգ, որին ժողովուրդը չի վստահում:Ես չեմ ուզում կրել այդ պատասխանատվությունը: Ամեն անգամ ինչո՞ւ պետք է ինձ հարց տան, թե ինչու եմ էս մեկին բռնել, մյուսին՝ բաց թողել, եթե ես որևէ մեկին ոչ բռնել եմ, ոչ էլ՝ բաց թողել: Ինչո՞ւ պետք է ամեն անգամ դատական համակարգի ցանկացած որոշումից հետո սկսեն քննարկել, թե ես ում հետ ինչ գործարքներ եմ արել կուլիսներում: Այս դատական համակարգն անհամատեղել է նոր Հայաստանի հետ»,-ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանում կա տիրոջ ստրուկ դատական համակարգ. «Մի տարվա ընթացքում դատական համակարգը փոխարեն զբաղվեր ինքնամաքրման, տերեր են փնտրում: Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում:Դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք: Ասում են՝ բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, լավ չէ՞ր էն ժամանակ, մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում: Էս դատական համակարգը՝ ՍԴ-ից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սակայն դա չի նշանակում, որ այս դատական համակարգում չկան դատավորներ, որոնք նոր արժեքների կրողն են: Խնդիրն այն է, որ թացը չորից չի լինում տարբերել: Ես ուզում եմ մի բան՝ երբ դատարանը որոշի, ժողովուրդն ասի՝ մեր դատարանը որոշեց: Սակայն դրա համար ՀՀ-ն պետք է ունենա իր դատարանը: Սա կառումպացված նախկին համակարգի դատարանն է»: