Սոֆի Դևոյան կրտսերը «Մոր խոստումը» հեռուստասերիալը լքելուց հետո որոշ ժամանակ բացակայելու է էկրաններից։ Պարուհի-դերասանուհին ուսումը շարունակելու է արտերկրում, զուգահեռ պատրաստվում է նաև մեկ այլ նորության հագուստի մոդելավորման ոլորտում։
Tert.am Life-ը Սոֆիի հետ զրուցել է մասնագիտական ընտրության, արտերկիր մեկնելու ցանկությանն ընտանիքի արձագանքի, սեփական ոճի և որպես դիզայներ հանդես գալու առաջին փորձի մասին։
Սոֆիի խոսքով՝ ներկայումս զբաղված է դասերով և պարապմունքներով։ Նա կրթությունը շարունակելու է արտերկրում, սակայն այժմ չի ուզում բացահայտել, թե կոնկրետ ինչ մասնագիտացմամբ։ Նա նշեց, որ մնալու է արվեստի ոլորտում և արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունում խորացնելու է գիտելիքները։
«Ես կոնկրետ իմացել եմ, թե ինչ եմ ուզում։ Ընտանիքում բոլորով խոսեցինք, հասկացանք, որ ինձ պետք է շարունակել հենց այս ճանապարհով․ գրագետ շարունակելու համար պետք է կրթութուն»,- ասաց Սոֆին ու կարևորեց իրեն հոգահարազատ մասնագիտություն ընտրելը:
Թե ինչպես են ընտանիքի անդամներն արձագանքել 17-ամյա աղջկա՝ արտերկիր մեկնելուն, դերասանուհին ծիծաղելով արձագանքեց․ «Շատ հեշտ ու հանգիստ ճանապարհելու են, քանի որ միտքն իրենցն է: Եթե լուրջ, բնականաբար, սրտատրոփ սպասելու են, թե երբ եմ վերադառնալու և դժվարությամբ են ճանապարհում։ Այնտեղ բարեկամներ էլ ունեմ: Սկզբում ինքս չէի համաձայնում մեկնել, հետո հասկացա, որ ստանալու եմ գիտելիքներ, բացի այդ, կյանքի բավականին մեծ փորձ կլինի ինձ համար։ Սեպտեմբերին մեկնելու եմ, միառժամանակ էկրանին չեմ լինի։ Իհարկե արտերկրում սովորելու ընթացքում ևս ակտիվ կլինեմ, բայց Երևանում ինձ շատ չեն տեսնի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am