Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով:
«Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:
Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ:
Գլեդիս Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համայնքի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: