ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները:
«Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, համույթներ, անձեր, մինչև վերջին դրամը, փաշինյանական ձեռագիր է՝ հաշվետու լինել, անկեղծ, ազնիվ լինել: Դրա մասին էի Ձեզ ուզում ասել: Ուզում էի ասել այն հպարտության մասին, որը ես ապրեցի և զգացի, թե ինչ նշանակություն եք Դուք տալիս դասական երաժշտությանը: Որքան ժամանակ հատկացրեցիք, կազմակերպություն եք ստեղծել։ Սա էլ հեղափոխություն է»,- ասել է Վլադիլեն Բալյանը՝ հավելելով, որ դասական երաժշտությանն աջակցելու ոլորտում ի դեմս վարչապետի տիկնոջ տեսնում է զինակցի:
«Շատ շնորհակալություն Ձեր խոսքերի, գնահատականի համար, որ տվեցիք իմ աշխատանքին, իմ ամուսնուն: Անհամբեր սպասում եմ, որ նրան այսօր տեսնեմ և պատմեմ այս հանդիպման մասին: Պատմեմ Ձեր խոսքերի մասին, փոխանցեմ, թե ոնց եք գնահատում իր աշխատանքը, իմ աշխատանքը, որովհետև, հավատացե´ք, Ձեզնից դա լսելը մեզ մեծ ուժ է տալիս և շատ շնորհակալ եմ, որ Դուք մեզ արժանացրեցիք այդպիսի գնահատականի»,- ասել է Աննա Հակոբյանը: Հանդիպմանը Վլադիլեն Բալյանը վերհիշել է, թե ինչպես են ծնվել իր ամենահայտնի ստեղծագործությունները, նաև պատմել, որ աշնանը՝ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ նախատեսում է կազմակերպել ռոմանսի երեկո: Վարչապետի տիկինը շեշտել է, որ մեծ ուրախությամբ ներկա կգտնվի համերգին, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով կաջակցի համերգի կայացմանը: