Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է կառավարության նոր կառուցվածքին: Արմեն Գևորգյանի բնորոշմամբ՝ կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Այսօրվա լուծումը, ըստ Արմեն Գևորգյանի, թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն-տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարման մարմիններ։ «Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ»,- գրում Արմեն Գևորգյանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Կառավարության նոր կառուցվածքի քննարկման փուլում ես միտումնավոր տեսակետ չեմ արտահայտել՝ սուբյեկտիվ չընկալվելու համար։ Բայց հարցը շատ կարևոր է. ուշադիր հետևելով հնչող կարծիքներին, ցավոք, ես այդպես էլ չլսեցի որևէ ծրագրային հիմնավորում, թե ինչու է մեզ պետք կառավարության հենց այսպիսի կառուցվածք։
Ինքս դեմ չեմ եղել կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխության գաղափարին, և մշտապես հանդես եմ եկել կառուցվածքի և կազմի տեսանկյունից կոմպակտ և արդյունավետ կառավարություն ունենալու օգտին։ Սակայն երկար տարիների ընթացքում այս երկու հանգամանքները միշտ պայմանավորված են եղել քաղաքական հանգամանքներով և նպատակահարմարությամբ, այլ ոչ՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Հիմնական քաղաքական դերակատարը միշտ թիմում կոալիցիոն գործընկերներ ունենալու և նրանց կադրային նախասիրությունները հաշվի առնելու անհրաժեշտություն է ունեցել։ Սակայն 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես թե, լավ հնարավորություն էր ընձեռվել՝ խուսափելու այդ ազդեցության գործոններից և ոչ միայն ձևավորել նոր տիպի կառավարություն, այլ առհասարակ երկրում կազմավորել նոր տիպի գործադիր իշխանություն։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Շարունակելի
Ամբողջությամբ՝ tert.am