1981 թվականին Հայաստանի երկնքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունն այսօր շատերն են մոռացել։
Նշված թվականի հուլիսի 18-ին ԽՍՀՄ պետական սահմանը խախտեց Canadair CL-44–ը։ Արգենտինական ավիաընկերություններից մեկի տրանսպորտային ինքնաթիռը, որը ղեկավարում էր շվեյցարական անձնակազմը, մաքսանենգ զենքի խմբաքանակն Իրան էր տեղափոխում այն ժամանակվա Հայկական ԽՍՀ օդային տարածքով։
Օդանավը կալանելու համար 2 զույգ Սու-15ՏՄ վեր խոյացան, սակայն չկարողացան հայտնաբերել հնարավոր թիրախը և, սպառելով վառելիքի ամբողջ պաշարը, վերադարձան վրացական Վազիանի օդանավակայան։
Այդ օրը կապիտան Վալենտին Կուլյապինը հերթապահ էր. սովորաբար երկու անձնակազմ էր հերթապահում, ևս երկուսը պահեստային էին՝ օդային տագնապի դեպքում օժանդակելու համար։ Կուլյապինի առաջ խնդիր դրվեց վայրէջքի հարկադրել անկոչ հյուրին, որը մե՛կ հատում էր Հայաստանի օդային տարածքը, մե՛կ որոշ ժամանակով լքում այն։
Վալենտինը սահմանախախտին հայտնաբերեց 11 հազար մետր բարձրության վրա, մոտեցավ նրան ու սկսեց զուգահեռ ընթանալ։ Սահմանախախտին ազդանշաններ տվեց, որպեսզի հետևի իրեն։ Սակայն վերջինը որևէ կերպ չարձագանքեց ու շարունակեց թռչել` ուղղվելով սահմանի կողմ։ Այդ ժամանակ հրաման եկավ` խոցել։
Sputnik ռադիոկայանի իսպանական ծառայության թղթակիցը կարողացել է գտնել Վալենտին Կուլյապինին և զրուցել ռազմական օդաչուի հետ: Ավիացիայի վետերանը մանրամասն հիշել է այդ օրը։
«Լսեցինք, որ հերթապահ անձնակազմին են բարձրացնում, հագանք հանդերձանքը, հասանք ինքնաթիռին, զեկուցեցինք թռիչքի պատրաստ լինելու մասին, մեզ ասացին` սպասեք, առաջին աստիճանի պատրաստություն է լինելու։ Ընդամենը մի քանի րոպե անց ինձ հրահանգեցին` թռի՛չք։ Թռա, հաջորդ հրահանգը՝ ֆորսաժը չանջատել, հնարավոր նվազագույն ժամանակում ամբողջական ֆորսաժով գնալ դեպի սահման», – պատմում է ՌՕՈՒ 65-ամյա վետերանը։
Երբ կապիտանն անցել է մարտական կառավարման, լսել է, որ օդաչուներից մեկը զեկուցում է թիրախը տեսնելու մասին, սակայն նա առաջ է անցել թիրախի ցածր արագության պատճառով։ Օդաչուն կրկին մոտեցել է թիրախին և նորից է առաջ անցել։
Որոշ ժամանակ անց դարձյալ հայտնել են, որ թիրախը հատել է պետական սահմանը և 8 հազար մետր բարձրության վրա ընթանում է կոնկրետ ուղղությամբ։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am