Նիկոլը սկսում է մերժել Նիկոլին
Advertisement 1000 x 90

Նիկոլը սկսում է մերժել Նիկոլին

Նիկոլ Փաշինյանն   արձակուրդ գնալուց առաջ գնաց Գյումրի, և  նրա այդ այցը դարձավ հերթականը  վարչապետի փորձությունների շղթայում։ Հասարակությունը տեսավ, որ երկրի վարչապետը, նախ՝ դեռ սոված է, երկրորդ՝ դեռ ոչ մի հետևություն չի արել անցնող մեկ տարվա կտրվածքով, և երրորդ՝  գյումրեցին նրան  գյումրիավարի բան հասկացրեց, ասաց՝ «վեր կաց ու քայլիր, գնա, գնա, գնա», և որպես իր այս կոչի  շարունակություն՝ վարչապետին նվիրեցին   կոշիկ, այո, կոշիկ, սա այլաբանորեն կարող ենք նաև կոչել  «տրեխ», և կարող ենք  կոչել «գյումրվա  լուրջ կատակ»,  քանի որ հայտնի ասացվածքներից մեկը՝ «Դուզ խոսքն էշին են ասում», տիպական է նաև Գյումրվա համար։ Ուստի, անկախ  այն հանգամանքից, թե ինչպես դիմավորեցին վարչապետին տեսախցիկների առաջ, թե վարչապետի իսկ նշանակած  մանր ու միջին  պաշտոնյաները ոնց ծռմռվեցին և ոնց  շողոքորթեցին, ակնհայտ էր, տեսանելի և անթաքույց՝ Գյումրին Նիկոլ Փաշինյանին ասաց՝ վեր կաց ու գնա, գնա, էս էլ քեզ՝ մի զույգ մաշիկ, որ գնաս ու ետ չգաս։

Սրանք խորքային  դիտարկումներն են, այն, որը,  թվում է՝ հրապարակավ տեսանելի չէ, բայց զգայական, ենթագիտակցական  մակարդակում՝ շատ ցցուն և աչքի զարնող։  Հետևելով ընթացքին՝ արձանագրենք, Գյումրիում վարչապետը  մի քանի  լուրջ  սխալ  արեց, նախ՝ չկարողացավ թաքցնել, որ նյարդերը տեղը չեն, ակնհայտ էր՝ նյարդայնացած է, և հայտնի միջադեպը՝ գյումրեցի կնոջ վրա  հարձակումը և կոպիտ  արձագանքը կնոջ խնդրանքին, հենց դրա ապացույցն է։ Կինը, ով  հավանաբար մեկ տարի առաջ Նիկոլի նկարի առաջ  մոմ էր վառել և փառաբանել նրան, այսօր տեսնելով վարչապետին՝ մի վերջին հույս էր փայփայել, որ իրեն կլսի, չէ՞ որ ինքն է նրան վարչապետ կարգել, կլսի և իր խնդիրը կլուծի։ Իսկ ի՞նչ արեց «ազգընտիրը»,  կնոջը կոպտեց,  կնոջը վանեց և այդպիսով  քայլ  առ քայլ ինքը իրեն տարավ դեպի կառափնարան, լինելով գյումրեցի, գիտեմ,  գյումրեցու ցասումն անսահման է դառնում, երբ հիասթափվում է, երբ զայրանում է և երբ  հասկանում է, որ «կեղծ աստվածների» է պաշտել…

Այստեղ մի փոքրիկ պաուզան ձգենք, քանի որ արձանը, որն  առաջինը դրվեց  Գյումրիու՝,  որպես «թավշյայի» սկզբի խորհրդանիշ, սահուն անցում է կատարում դեպի «թավշյայի» ամոթի արձան, ու   գյումրեցին մի օր այդ արձանի գլուխն ուսերից  կպոկի առանց ափսոսանքի։

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն  իր բոլոր մտքերում, որ հնչեցրեց տարբեր հանդիպումների ժամանակ,  ինքն իրեն հերքելով էր զբաղված,   և եթե այս արագությամբ վարչապետը շարունակի, ամեն մարզում ինքն իրեն հերքելով, ապա հասարակությունն  ականատես կլինի մի  զարհուրելի թամաշայի՝ Նիկոլը կսկսի մերժել Նիկոլին… Գործընթացը և դեպքերի զարգացումը հենց սրան էլ  հանգեցնելու է։ Այո, Նիկոլը  սկսում է մերժել Նիկոլին։

Խոսենք փաստերով, ահա, ժամանակին, երբ նախկինները  հայտարարում էին, որ այս կամ այն ոլորտում   100, 20, 50 կամ  այլ  քանակի աշխատատեղ կա, բայց աշխատողները չեն գնում աշխատելու,  Նիկոլ Փաշինյան պատգամավորի ձայնն ԱԺ նիստերի դահլիճում  համապատասխան ելևէջներով  առավոտից-երեկո  զրնգում էր, թե՝  ո՞նց եք նման բան ասում, էս ի՞նչ եք ասում, էս  ինչո՞վ եք ասում, և այլն, և այդ ժամանակ իշխանական ԶԼՄ-ները, նաև՝ ընդդիմադիր, տիրաժավորում էին պատգամավորի այս բղավոցը և տարածում հանրապետության  ամբողջ տարածքում։ Եվ սրա  շնորհիվ՝ գյումրեցին նույնպես  «տեղեկացվում» էր, թե՝ տեսեք-տեսեք, մեր մասին ոնց է մտածում… Այստեղ ևս պաուզան ձգենք։ Այսօր արդեն վարչապետի  կոստյումի մեջ ինքն իրեն տեղավորած Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հերքելով, մերժելով և սխալ հանելով է զբաղված, ահա  ևս մեկ օրինակ՝ բազում օրինակներից։ Վարչապետը, ով այլևս «լայվի» սիրահար չէ, ինչպես առաջներում,  երբեմն-երբեմն դեռ սոցիալական ցանցերում փորձում է «դեմոկրատ» երևալ և ինչ-ինչ գրառումներ է կատարում։ Շիրակի մարզ այցից հետո  Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»։ Փաստորեն,  Փաշինյանը դարձել է «գործարարների» պաշտպանը և  իր «հպարտ քաղաքացիներից» է նրանց պաշտպանում,  և այս տխուր  այլափոխության  մեջ ամենազավեշտալին այն է, որ  ինքն էլ դառնալով «փողկապավոր», և իր հետ քայլածները՝ նույնպես, այսօր   «հպարտ քաղաքացիների» հետ խոսում են  մուննաթ  տոնով,  մարդկանց կոպտելով և վիրավորելով։ Եվ, առանց անհարմար զգալու, նայելով հպարտների, իրենից ինչ-որ սպասելիք ունեցողների աչքերին՝ Փաշինյանը հայտարարում է, թե՝ այսօր  «միկրոբիզնեսն» ազատում է հարկերից, սուտ,  դա եղել է նաև նախկին իշխանությունների օրոք, և   հեծանիվ հայտնագործելու  կարիք չկար, հաջորդ սուտը՝ ասում է՝ կանենք այնպես, «որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից և աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա»:

Հերթական սուտը։

Վարչապետն այսքան սուտ  գուցե և չխոսեր, եթե սոցիալական ոլորտի պատասխանատուները նրան բարեխղճորեն զեկուցեին, որ այդ   հարցերը կարգավորված են եղել նաև նախկինում, ուստի այստեղ ևս նոր հեծանիվ հորինելու կարիք ամենևին չկա։ Թեպետ, գուցե և ասել են, բայց մեծն Նիկոլը գիտի՝  ինչ է ասում և  ում աչքերին նայելով է ստում։ Խոսելով արտոնյալ վարկերի մասին, հերթական  սուտն է ասում,  ավելի հստակ, սա այնքան էլ սուտ չէ, սա արդեն գոյություն ունեցող, տարիներ շարունակ աշխատող փաստերը և կարգավորումները  կոպիտ մեթոդներով «սեփականաշնորհել» է նշանակում։

Հետո, շարունակելով ստերի  ցուցակը, իբր հայտնագործություն է անում՝ ասելով․

«Մնացած հոգսերն ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: և Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք»: Վարչապետի այս կարգի  գրառումները  չիմացող մարդուն կարող են թվալ երկնքից մանանա, բայց, բարեբախտաբար,  մեր երկրում այլևս չկան չիմացող մարդիկ, բոլորն ամեն ինչ արդեն գիտեն, հասկացել են, և  բոլորի համար (չհաշված մի քանի անհույս զոմբիների), պարզից էլ պարզ է՝ բառային  մանիպուլյացիաներում, սուտը տիրաժավորելու գործում վարչապետն անգերազանցելի է, ու երբ նա հայտարարում է.  «Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին, ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին»:   Այ, հենց այստեղ է, որ ուզում ես հարցնել՝ իսկ դու և քո ընտանիքը, դու և քո  քայլիստներն ի՞նչ  աշխատեցին, ի՞նչ հանրօգուտ գործ արեցին, որ այսօր   հանգիստ նստած  .պաշտոններին՝ վայելում են,  պարգևատրումներով, գործուղումներով և այլն։

Ի դեպ, որդնած բրնձի մասով մի փոքրիկ ռեպլիկ՝ պարոն  Փաշինյան, իսկ թե  այդ «որդնած բրինձը» 2018թ. դեկտեմբերի արտահերթում  ո՞ւմ օգտին աշխատեց, դու բոլորիցս լավ գիտես, նայիր, թե  ռեյտինգայինով  անհայտ ծագման տղաները և աղջիկները քանի հազարական ձայն ստացան, և ո՞ւմ «որդնած բրնձի» կամ «որդնած շաքարի» շնորհիվ։

Եվ նաև այստեղ է Նիկոլը մերժում Նիկոլին, երբ  պաշտոնների է նշանակում  մարդկանց, ովքեր   կենսագրականներում երկու տող ունեն՝ ծնվել է, քայլել է, դարձել է նախարար, դարձել է պատգամավոր  «որդնած բրձի» շնորհիվ…

Վերադառնալով Գյումրի՝ Գյումրին փորձաքար է, և Փաշինյանն  արդեն երկրորդ անգամ չի կարողանում հաղթահարել այդ փորձաքարը, պարտվում է Գյումրիում արդեն երկրորդ անգամ։

Աստված երրորդից կազատի՞…

ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆ



Նման նյութեր