Իրանի հետախուզության նախարարությունը հուլիսի 21–ին հայտնել էր, որ 17 հոգու են ձերբակալել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օգտին աշխատելու մեղադրանքով, որոշ լրտեսների հետևել են նաև Հայաստանի տարածքում։
Սկսենք նրանից, որ ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններն օրեցօր սրվում են։ Տրամաբանական է, որ զուգահեռ ուժեղանալու է այս երկրների հետախուզական ակտիվությունը, այդ թվում` երրորդ պետությունների տարածքում։ Եվ Հայաստանը բացառություն չէ։
ԱՄՆ–ի համար Իրանի տարածքում աշխատելը բավական բարդ է։ Ցանկացած օտարերկրացի (առավել ևս արևմտյան երկրներից) հազիվ թե կարողանա թաքնվել իրանական հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Իսկ Հայաստանում, Ադրբեջանում կամ Վրաստանում Իրանի քաղաքացիներն իրենց ազատ են զգում։
Կասկածներ կան, որ ուրիշ երկրների տարածքում ամերիկյան կառավարական և հասարակական բազմաթիվ կազմակերպություններն այս կամ այն չափով զբաղվում են հետախուզական գործունեությամբ։ Երևանում ԱՄՆ–ի դեսպանատունը նույնպես չափազանց մեծ է, որպեսզի սահմանափակվի միայն hայաստանյան աշխատանքով։
Նշենք, որ իրանական հետախուզական ծառայությունը հրապարակել է ԿՀՎ ենթադրյալ գործակալների անունները և պաշտոնները` նշելով նրանց պաշտոնները Ֆինլանդիայում, Զիմբաբվեում, Ավստրիայում, Հնդկաստանում, Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանատներում և հյուպատոսարաններում։
ԱՄՆ–ն, ինչպես կարելի էր կանխատեսել, հերքել է Իրանի հայտարարությունը և «սուտ» որակել այն։
Իրանի համար կարևոր է սեփական բնակչությանը ցույց տալ, որ ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է հավաքագրել և օգտագործել երկրի քաղաքացիներին։ Ավելի կարևոր է ցույց տալ, որ իրանական հակահետախուզությունը հաջողությամբ պայքարում է դրա դեմ։
Բայց եթե իրանցիներին հաջողվել է նման ցանց բացահայտել, ապա դա լուրջ հաջողություն է։ Նշանակում է` ամերիկացիների լուրջ ձախողումը։
Սակայն այդ դեպքում հարցեր են ծագում. որտե՞ղ և ինչպե՞ս են Իրանի քաղաքացիներին հավաքագրել։ Տեսագրությունում «բացահայտված լրտեսներից» մեկը պատմում է, որ իրեն հավաքագրել են ԱՄԷ–ում ԱՄՆ–ի դեսպանատանը։
Բայց արդյո՞ք նրանց հավաքագրել են Հայաստանի տարածքում, իրանցիները հակահետախուզություն իրականացրե՞լ են մեր երկրի տարածքում` հաշվի առնելով ենթադրյալ լրտեսների լուսանկարները, որոնցում Հայաստանի կադրեր են երևում։
Փորձագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ, կասկածյալներին հետապնդել են հենց Իրանում։ Ավելի ուշ սկսել են հետևել նրանց դրսի տեղաշարժին։ Գուցե ինչ–որ բան տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, գուցե ոչ։ Ինչ–որ հետևություններ անելու համար լուսանկարները բավարար չեն։
Հնարավոր է, որ սա տեղեկության միայն մի մասն էր` առաջին փաթեթը։ Բացառված չէ, որ առաջին հաղորդագրությանը հետևեն լրացուցիչ տվյալներ, որոնք կստակեցնեն, թե ինչ կապ կա Հայաստանի հետ։ Առայժմ գլխավոր հարցերի մեկն այն է, թե ինչու են իրանցիներն ընդհանրապես հրապարակել այդ լուսանկարը։
Եվս մի հնարավոր հարց. ԱՄՆ–ն կամ Իրանը ինչ–որ դժգոհություններ կհայտնե՞ն Հայաստանին` այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատանքի առնչությամբ։
Հաշվի առնելով, որ Երևանը հայտնվել է «մուրճի և զնդանի» արանքում` քիչ հավանական է, որ ԱԱԾ–ն ինչ–որ կերպ մասնակցած կամ օգնություն ցուցաբերած լինի կողմերից մեկին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am