
Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է հանրության շրջանում տարածված այն լուրերին, թե 2019թ–ի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարները թանկանաու են։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»,– ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ 2020թ–ից սկսած Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները մաքսազերծելու են ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան։ Հունվարից կտրուկ աճելու են հատկապես հին և օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքերը։ Այդ է պատճառը, որ ավտոմեքենա գնելու ցանկություն ունեցողներն ու վերավաճառքով զբաղվողները փորձում են ավտոմեքենաների ներմուծումն իրականացնել մինչև տարեվերջ։