Սևանում ընթանում են «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Արդեն 5-րդ անգամ Սևանը կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան օգոստոսյան երկու օրերը` 3-ը և 4-ը, դարձնել ինքնատիպ, լցված լավ ու բարձրաճաշակ երաժշտությամբ, և այդ ամենը` Սևանա լճի ափին ու Սևան քաղաքում՝ տեղեկացնում է Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը տարեցտարի ընդլայնում է և՛ աշխարհագրությունը, և՛ բովանդակությունը, ձեռք է բերում նոր ընկերներ ու համախոհներ:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզը ներկայացնող երաժշտախմբեր և անհատներ: Առաջին փորձը խոստումնալից էր, և 2016թ-ին փառատոնը միավորեց հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին:
Փառատոնից փառատոն նպատակն առավել հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում և արտերկրում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան` մշակութային ալիքը տարածելով ողջ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
Նախորդ երկու տարիներին փառատոնի շրջանակներն ընդլայնվեցին. փառատոնը լճից եկավ քաղաք, իսկ այս տարի, ինչպես նշում են կազմակերպիչները, երաժշտական ինքնատիպ այս հարթակը կհամախմբի Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանիսայի ռոք և ֆոլկ երաժշտախմբերին:
Ավելի մանրամասն՝ armradio.am