Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը սոցիալական ցանցերում սովորաբար քչախոս է, հաճախ իր կարծիքը տարբեր երևույթների ու իրադարձությունների մասին (կամ «շրջապատող չորեքշաբթիի» մասին՝ ինչպես ժամանակին «окружающая среда»-ն թարգմանել էր նախարարներից մեկը) արտահայտում է ռոք երաժշտության լավագույն կատարումների ու աֆորիզմների միջոցով:
Երեկ, սակայն, ակնհայտորեն ինչ-որ բան զայրացրել էր Ս. Սեյրանյանին. նա այսպիսի բազմիմաստ գրառում էր կատարել. «Ուշագրավ է հետևել իրենց էությունն ու բովանդակությունը ֆոտոշոփ կամ մեյք-ափ անողների տվայտանքներին: Ախր որքան էլ շպարվեք, միևնույն է` լվացվելուց հետո հայելին ցույց է տալու ձեր իրական դեմքը: Նույն տրամաբանությամբ, որքան էլ գեղեցիկ ու խելոք ստատուսներ արտագրեք (որոնք իրականում ոչ հասկանում եք, ոչ էլ ընդունում), որքան էլ ձեր էջերը լցոնեք ճաշակով երաժշտությամբ (որն իրականում ոչ լսում եք, ոչ էլ սիրում), որքան էլ մեջբերումներ անեք Չկարդացած գրքերից, որքան էլ դերասանություն անեք ու խաբեք (այդ թվում` ինքներդ ձեզ), միևնույն է` կյանքի հայելին վաղ թե ուշ մաքրելու է «ներկը» ու ցույց է տալու թե ձեր իրական ճաշակը, թե ձեր հոգու իրական պատկերը, թե ձեր ուղեղի իրական պարունակությունը»: