«Ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերից հրապարակվել է, և այդ հրապարակված նյութերից տրամադրվել է լրագրողներին, որոնք էլ նյութեր են պատրաստել։ Նրանք պնդում են, թե իրենց ձեռքի տակ ունեն փաստաթղթեր, որոնց հիման վրա են պատրաստել հոդվածը»,- այս մասին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝անդրադառնալով մարտի 1-ի վերաբերյալ BBC-ի հրապարակած ծավալուն հոդվածին։
Ըստ Է. Մարուքյանի, եթե, հոդվածի համաձայն` գեներալ Սամվել Կարապետյանը հրաման է տվել կրակել ցուցարարների վրա, ապա «Մարտի 1»-ի գործի շրջանակներում նա պետք է լիներ մեղադրյալ, իսկ այսօր արդեն՝ ամբաստանյալ։ Սակայն նույն նյութերի համաձայն՝ գեներալը գտնվում է վկայի կարգավիճակում։
«Սա նշանակում է, որ Օգանովսկու հետ դեռ քննություն է գնում 10 սպանվածների մասով, իսկ եթե քննություն է ընթանում, ուրեմն՝ դա գաղտնի տեղեկատվություն է, որը հրապարակվել է։ Իսկ սա ենթադրում է, որ ցանկացած ամբաստանյալ վաղը դրանից կարող է օգտվել և իր պաշտպանությունն ավելի լավ կազմակերպել։ Եվ եթե մեկը մարդասպան է և մարդ սպանելու հրաման է տվել՝ նրա դատվելու հավանականությունը սկսում է նվազել։
Մարդիկ հիմա ասում են՝ հա, դե լավ է, ի՞նչ է եղել, մենք էլ գիտեինք, բա որ գիտեիք, ինչո՞ւ չէիք գնում վկայություն տալու։ Կարծում եմ, սա նպատակադրված՝ սպրդված տեղեկատվություն է, որ անգամ եթե չկարողանան մեղադրյալներ ներգրավել, ապա գոնե հանրությունն իմանա, թե ով ինչ է արել»,- շեշտեց նա։
Նա նաև նկատեց, որ այս դեպքում էլ մարդկանց մոտ հարցեր կառաջանան, որ, օրինակ, եթե Օգանովսկին է կրակելու հրաման տվել, ինչո՞ւ նրան չեն դատում, և այս ամենի արդյունքում սկսելու են չհավատալ հեղափոխությունից հետո իրավական համակարգին։
Նա արձանագրեց, որ նմանօրինակ դեպքերն ուղիղ հարված են իրավական համակարգին ու իրավունքի գերակայությանը։
«Մենք ի՞նչ ենք ուզում՝ բարդակ երկի՞ր, շունը տիրոջը չճանաչող երկի՞ր։ Հումորով ասեմ՝ երեկ մտածում էի՝ ինչ լավ է, որ ես շուն չեմ պահում, որովհետև նա ինձ չէր ճանաչելու այս վիճակում, այսքան ամեն ինչ խառվել է իրար»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև հավելեց, որ «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը պետք է նորմալ հունով ընթանա, և այն խոցելի չլինի, հակառակ պարագայում մեղավորները չեն դատապարտվի։
Նշենք, որ Է. Մարուքյանը սկսել է #bRightTalk հաղորդումների շարք, որտեղ անդրադառնալու է երկրի քաղաքական կյանքին վերաբերող անցուդարձին, այս անգամ զրուցում էր Դավիթ Խաժակյանի հետ։
Զվարթ Խաչատրյան