Երևանի «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ սնանկության վարույթ է ներկայացվել: Նշենք, որ ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Դիմում ներկայացրած «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի փաստաբանը Հարություն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց լուրը։ «Սնանկության դիմումն ընդունվել է վարույթ, արդեն իսկ նշանակված է սնանկության ժամանակավոր կառավարիչ։ Խոսք մոտավորապես 120 000 000 ՀՀ դրամի մասին է»,–ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ տևական ժամանակ իր վստահորդ ընկերությունը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ին և իրենց միջև միշտ եղել է փոխըմբռնման և գործընկերային լավ հարաբերություններ։ Հերթական անգամ բեռնափոխադրման ծառայություններ մատուցելուց հետո «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն հրաժարվել է գումարը վճարել։