Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր անվան հետ կապված աղմկոտ լուրերին։
«Օրեր առաջ մեր դասախոսներից Գագիկ Շահնազարյանը սուտ փաստեր էր ներկայացրել իմ մասին, ասելով որ իմ կենսագրության մեջ տվյալներ եմ կեղծել, որպեսզի կարողանամ նշանակվել ռեկտոր։ Նա լրատվամիջոցների միջոցով հասարակությանը մոլորության մեջ էր գցել։ Ես իհարկե գիտեմ, թե մեր գործընկերն ինչու է այդպես արել։
Նրա մասին ուսանողը բողոք էր ներկայացրել,ասելով որ դասախոսը չի տիրապետում էթիկայի կանոններին և քննության ընթացքում ուսանողների մոտ խաչապուրի է ուտում, նրա նկարն էր ուղարկել։ Ուսանողը այնքան բարձր գիտակցություն ունի, որ նկարը ֆեյսբուքում հրապարակելու և դասախոսին խայտառակ անելու փոխարեն, մեզ էր տեղյակ պահել։ Ես ինքս գուցե դա ողբերգություն չսարքեի, մտածեի դե սոված է եղել, կերել է, եթե ուսանողը չբողոքեր։
Գագիկ Շահնազարյանը պարզապես պիտի բացատրագիր գրեր, նա գրեց, ասելով որ ընդմիջում է արել և որոշել մի բաժակ սուրճ խմել։ Դա է պատճառը, որ նա որոշեց խայտառակ սուտ ինֆորմացիա տարածել իմ մասին»,-ասաց Հայրապետյանը։ Ռեկտորը հավելեց, որ քննարկում է դատական հայց ներկայացնելու միտքը։