Ատամների հյուսվածքի վերականգնումը կարող է իրականություն դառնալ
Advertisement 1000 x 90

Ատամների հյուսվածքի վերականգնումը կարող է իրականություն դառնալ

Մեծ Բրիտանիայից մոլեկուլյար կենսաբանները մոտ են դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կարող են ապահովել ատամի հյուսվածքի վերականգնմանը:

Փլիմութի համալսարանից Բին Հուն եւ նրա գործընկերները հայտնաբերել են Dlk1 ազդանշանային մոլեկուլը, որը կառավարում է դենտինի ձեւավորումը: Հենց Dlk1-ն է առնետներին եւ մկներին օգնում ամբողջ կյանքի ընթացքում ատամներն «աշխատանքային» վիճակում պահել:

Հետազոտությունների ժամանակ գիտնականները պարզել են, որ Dlk1-ը ցողունային բջիջներին ստիպում է կիսվել եւ դենտին, ինչպես նաեւ այլ տեսակի հյուսվածքներ ձեւավորել: Մասնագետների կարծիքով՝ սա կարող է միանգամայն կիրառելի լինել վնասված ատամների վերականգնման ժամանակ: Կրծողների վրա կատարված փորձերը հաստատել են գիտնականների ենթադրությունը. առնետների սեղանատամների անցքերը լցնելով Dlk1-ով՝ հաջողվել է հասնել պուլպայի կենսագործունեության եւ դենտինի վերականգնմանը:

Գիտնականները նախատեսում են շարունակել իրենց հետազոտությունները, որոնք կօգնեն ատամների լիարժեք վերականգնման տեխնոլոգիաների ստեղծմանը:

Գիտնականների գիտական աշխատանքին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

med.news.am