Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում:
Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն ընդունելի համարժեքները՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերենին: Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է:
Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում: Գործածենք հայերեն այս բառերը.
- ադմինիստրատիվ – վարչական
- բլոկնոտ – նոթատետր
- բրելոկ – բանալեկալ
- գարանտ – երաշխավոր
- գարանտիա – 1. երաշխիք, երաշխագիր, 2. երաշխավորություն, երաշխավորագիր
- դիսկուսիա – բանավեճ
- դուետ – զուգերգ
- էլեմենտար – տարրական
- էքսպոնատ – ցուցանմուշ
- թեորիա – տեսություն
- խրոնոլոգիա – ժամանակագրություն
- կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն
- կոմպենսացիա – փոխհատուցում
- հիպոթեզ – վարկած, ենթադրություն
- մասաժիստ – մերսող
- մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ
- միկրոսկոպ – մանրադիտակ
- ուլտիմատում – վերջնագիր
- պացիֆիստ – խաղաղասեր
- ռեակցիոն – հետադիմական
- սեկցիա – 1. մասնախումբ, 2. բաժին, բաժանմունք, մաս
- սոլիդ – 1. ծանրակշիռ, 2. պատկառելի, 3. ներկայանալի
- սուբյեկտիվ – 1. ենթակայական, 2. անձնական, անհատական
- սուվերեն – ինքնիշխան
- ստարտ – մեկնարկ
- օբյեկտիվ – 1. առարկայական, 2. անկողմնակալ, անաչառ
- օպոզիցիա – ընդդիմություն
- ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի)
- ֆինիշ – 1. ավարտ 2. վերջնագիծ
- ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ