«Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Այսօր տարածած հայտարարության մեջ նշել է «Սանիթեք» ընկերությունը` հավելելով. «Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին»:
Ընկերությունը, նաև հայտնում է, որ հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ վարչապետի գրասենյակում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու երկու կողմերին։ «Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է»,–նշված է «Սանիթեք»–ի հայտարարության մեջ։
«Սանիթեք»-ը նաև հայտնում է, որ առաջիկայում մեկ անգամ ևս հանդես է գալու պարզաբանմամբ` կետ առ կետ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններին։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպման էր հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և այն հառարձակել Facebook-յան ուղիղ եթերում։
Ավելի քան 1 ժամ տևած քննարկմանը քաղաքապետն ու վարչապետը կետ առ կետ անդրադարձել էին «Սանիթեք»-ի գործունեությանը։