«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է՝ իր թիմը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլը հաղթահարել է ճիշտ ֆուտբոլ ցուցադրելու շնորհիվ։
Վրացական «Սաբուրթալոյի» հետ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը 1-2 հաշվով պարտություն էր կրել, սակայն պատասխան խաղում հաղթեց 2-0 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։
«Արեցինք այն, ինչ ծրագրել էինք։ Տակտիկապես ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել։ Կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Ճիշտ է՝ վերջում ճնշումը մի փոքր մեծացավ, բայց դա բնական էր։ Կարողացանք փոփոխությունների միջոցով փոքր-ինչ թուլացնել այդ ճնշումը։ Համենայն դեպս, ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել և արժանիորեն հաղթել ենք։ Ես վիճակագրության մասին չեմ մտածում։ Պարզապես մենք փորձում ենք անել մեր առավելագույնը»,- խաղից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդան Մինասյանը։
Դիտարկմանը, որ տակտիկական մտահաղացումների մեծ մասը Վարդան Մինասյանը կենտրոնացրել էր երկրորդ խաղակեսի վրա, մարզիչը տվեց հետևյալ պատասխանեց․
«Մենք նախապես ծրագրում ենք ինչ-որ փոփոխություններ, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է զարգանում խաղը։ Օրինակ՝ եթե հաշվի մեջ երկար ժամանակ փոփոխություն չլիներ, մենք երկու հարձակվողով կխաղայինք։ Բայց քանի որ երկրորդ գոլը շուտ խփեցինք, արդեն ամրացրինք հենակետային գոտին։ Այսինքն՝ հետևում ենք խաղի ընթացքին և փորձում ենք հասկանալ, թե այդ պահին մեր թիմն ինչի է ընդունակ»։
Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը լինելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժը»։ Վարդան Մինասյանը մրցակցի մասին կարծիք դեռևս չի արտահայտում․
«Առաջիկա մրցակցի մասին ոչ մի կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև մինչ այս պահը իմ բոլոր մտքերն այս խաղի հետ էին»։