Ովքե՞ր դեմ քվեարկեցին «1000 դրամի նախագծին»
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր դեմ քվեարկեցին «1000 դրամի նախագծին»

Այսօր Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագիծն, ինչպես հայտնի է, հասարակության կողմից անվանակոչվեց «1000 դրամի նախագիծ», ըստ որի ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի նոր ստեղծվելիք ապահովագրական հիմնադրրամին ամսական 1000 դրամ կվճարի: Հիմնադրամը կառավարելու են կառավարությունը, ԿԲ-ն և հոգաբարձուների խորհուրդը:

Այսօր որքան էլ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ բոլոր պատգամավորներին հորդորեց կողմ քվեարկել, այնուամենայնիվ որոշ պատգամավորներ դեմ քվեարկեցին: Օրինագծին կողմ էին քվեարկել 102 պատգամավորներ, երեքը՝ դեմ: Այդ երեք պատգամավորներն էին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը,  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Ըստ օրինագծի՝ հիմնադրամի միջոցների հաշվին զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում, կստանան ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ: Այսինքն, սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: Դրամական միջոցները կստանան զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրներն ու քույրերը։

Արմինե Մարգարյան



Նման նյութեր