ԱՄՆ-ում առնվազն 22 մարդ է հոսպիտալացվել էլեկտրոնային ծխախոտ ծխելուց հետո առաջացած առողջական խնդիրներով: Այսպես՝ Վիսքոնսինում թոքերի վնասվածքի պատճառով ստացիոնար բուժում է ստանում 12 մարդ, Իլինոյսում՝ 6, իսկ Մինեսոտայում՝ 4: Նրանց մեծ մասը երիտասարդներ են, որոնք նախկինում առողջության հետ կապված խնդիրներ չեն ունեցել:
CBS-ի տեղեկություններով՝ Մինեսոտայից բժիշկները սկզբում կարծում էին, որ հոսպիտալացված դեռահասների մոտ շնչառական ինֆեկցիա է, սակայն հետագա հետազոտությամբ հայտնաբերել են թոքերի վնասվածքներ, որոնք դարձել էին հազի, կտրուկ ցավի եւ հեւոցի պատճառը:
Բոլոր տուժածները վեյփերներ են:
Ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հայտնել էր վեյփ ծխելուց հետո առողջական խնդիրների 127 դեպքի քննության մասին: