Եթե դա ինձ չէր վերաբերվում, հարգարժան պատգամավորը կարող էր հերքում տալ. Արամ Մանուկյանը՝ Բաբկեն Թունյանի գրառման մասին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Եթե դա ինձ չէր վերաբերվում, հարգարժան պատգամավորը կարող էր հերքում տալ. Արամ Մանուկյանը՝ Բաբկեն Թունյանի գրառման մասին. armdaily.am

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը գրառում էր արել Ամուլսարի վերաբերյալ՝ նշելով, որ եթե կառավարությունը որոշի, որ Ամուլսարը հանք է դառնալու, ինքն արձակուրդ է վերցնելու ու պայքարելու է այդ որոշման դեմ:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ֆեյսբուքում գրել էր. «Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։

Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։

Էդ մարդիկ չհասկացան, որ հիմա իրենց ասած ամեն խոսքից առաջ պետք է 1000 անգամ մտածեն, նոր խոսեն կամ գրեն, որովհետև պետական պաշտոնյայի խոսքը ու գործելաոճը պիտի տարբերվի ակտիվիստից»:

Քանի որ պատգամավորի գրառումը հետևեց Մանուկյանի գրառմանը, ինչպես նաև Թունյանը գրառման վերջում նշել էր հեռախոսսչեմկորցրել հեշթեգը, իսկ Մանուկյանը հայտնի է հեռախոս կորցնելու միջադեպից, ուստի օգտատերերը եզրակացրել են, որ Բաբկեն Թունյանի գրառումը վերաբերում էր հենց Արամ Մանուկյանին:

ArmDaily.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, որ Թունյանի գրառումը չի տեսել. «Ես այն տեսել եմ կայքում, որտեղ շոշափվում էր իմ անունը: Եթե դա ինձ չէր վերաբերվում, հարգարժան պատգամավորը կարող էր կամ կարող է ուղղակի հերքում տալ»:

Բաբկեն Թունյանն էլ ArmDaily.am-ին նշեց, որ իր գրառումն ում վերաբերվում էր, նա լավ գիտի: Մեր դիտարկմանը, որ Մանուկյանը նշում է, եթե իրեն չի վերաբերվում գրառումը, ապա պատգամավորը պետք է հերքում տա, Թունյանն ասաց. «Ես ինչ գրել եմ, դրա պատասխանատուն եմ: Հերքում պահանջում են այն մարդուց, ով մարդու անուն է շոշափել: Ցանկանում է հերքեմ, որ իրեն չի վերաբերվո՞ւմ: Դա հերքում չէ, պարզաբանում է»: Նկատառմանը, որ վերջում տեղադրել է հեշթեգ, որից կարելի է եզրակացնել, որ հենց Մանուկյանին նկատի ունի, Բաբկեն Թունյանը նշեց. «Եթե ես անուն տալու լինեի, պարզ ձևով կտայի».- եզրափակեց պատգամավորը:

armdaily.am