
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին արգելվել է ջինս կրել Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում, քանի որ թագուհին դրանք տանել չի կարողանում: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը` հղում անելով իր աղբյուրին:
Թագավորական ընտանիքը թագուհի Էլիզաբեթ երկրորդի գլխավորությամբ Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոց է մեկնելու ամառային հանգիստն անցկացնելու համար:
«Թագուհին ջինսերի, առավել ևս պատռված ջինսերի երկրպագու չէ, այդ պատճառով Մեգան Մարքլին արգելվել է Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում ջինս կրել, կրել իր սիրած հագուստը, որովհետև թագուհին դրանք տանել չի կարողանում»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը:
Մեգան Մարքլը հաճախ է ցույց տվել, որ ջինսե կտորից կարված հագուստների սիրահար է, և վերջերս մեծ աղմուկ է բարձրացել, երբ Ուիմբլդոնի խաղարկության ժամանակ նրան նկատել են ջինսե տաբատով: Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում գտնվելու և եկեղեցում թագուհու հետ միջոցառումների այցելելու օրերին Մեգանին խորհուրդ է տրվել կրել շոտլանդացի դիզայներների աշխատանքները: