Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ ընդգծում է, որ բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը:
«Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։
1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝ ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, և մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:
2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։
3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը:
Վստահ եմ, որ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սզբունքների հիման վրա»,- գրել է Մակունցը: