
Չելյաբինսկի բնակիչ Գարիկ Մուրադյանը միանգամից մի քանի հոգու կյանք է փրկել. նրան հաջողվել է կանգնեցնել առանց վարորդի ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենան։ Միջադեպի մասին հաղորդում է Մինվոդիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը։
Օգոստոսի 16–ին Մուրադյանը ժամանել էր օդանավակայան, որպեսզի մեկնի Եկատերինբուրգ։ Չվերթին սպասելիս Մուրադյանը նկատել էր, որ «Նիվան», որի ղեկին վարորդ չկա, հանկարծ սկսել է ընթանալ թռիչքի տերմինալի ուղղությամբ, որտեղ գտնվել են մի քանի ուղևորներ։
Ավտոմեքենան, դուրս գալով մայթ, կանգ չի առել և շարունակել է ընթանալ մի խումբ կանանց և 9 տարեկան տղայի կողմը։
«Գարիկը, հասկանալով իրավիճակի լրջությունը, իրեն չի կորցրել և նույն վայրկյանին նետվել է կանգնեցնելու ավտոմեքենան` հընթացս նախազգուշացնելով կանանց և երեխային վտանգի մասին», – նշված է հաղորդագրության մեջ։
Անվախ տղամարդու գործողությունների շնորհիվ անկառավարելի մեքենան հաջողվել է կանգնեցնել և խուսափել ողբերգությունից։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Մուրադյանը վնասել է ուսը ավտոմեքենան կանգնեցնելու փորձի ժամանակ։

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները աշխատանքներ են տանում միջադեպի մանրամասները բացահայտելու համար։ Նրանք արդեն հայտնաբերել են վարորդին, որը կայանել է «Նիվան» և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` տրանսպորտային միջոցի հանկարծակի ընթացքը բացառելու համար։