Ինչո՞վ է քայլակը վտանգավոր երեխաների համար. պատմում է վնասվածքաբանը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է քայլակը վտանգավոր երեխաների համար. պատմում է վնասվածքաբանը

Քայլակը բոլորովին անվտանգ չէ երեխայի առողջության համար, ինչպես ընդունված է համարել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկաբուժական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Արա Այվազյանը նշում է. քայլակում երեխան ուղղահայաց դիրքով սկսում է շատ ավելի վաղ տեղաշարժվել և հետևաբար, օրգանիզմը պատրաստ չի լինում այդ ծանրաբեռնվածությանը:

«Ես խորհուրդ չեմ տալիս քայլակը: Դրա միակ առավելությունը ծնողների հանգստությունն է: Այսինքն՝ երեխան չի ընկնում, ձեռքերը սահմանափակ չեն, որևէ վտանգավոր բանի չի կարող հասնել: Սակայն միջինում քայլակում երեխան սկսում է 2-3 ամիս շուտ քայլել, երբ օրգանիզմը պատրաստ չէ ուղղահայաց ծանրաբեռնվածությանը»,- ասաց նա:

Այվազյանը ուշադրություն է դարձնում նրան, որ այդ շրջանում երեխայի ոսկորներն այդքան ամուր չեն, ինչպես մեծահասակի մոտ, իսկ հոդերը՝ թերզարգացած:

Այսպիսով ուղղահայաց ծանրաբեռնվածությունը կարող է վերջույթների ծռվելու պատճառ դառնալ:

«Բացի այդ երեխան քայլակում սխալ է քայլում: Երբ մենք քայլում ենք, մենք մի ոտքից մյուսին ենք «ընկնում»: Քայլակում երեխան ոտքերով հրվելով, տեղաշարվում է սենյակով, իսկ դա նորմալ չէ», – ընդգծեց փորձագետը:

Այվազյանի գլխավոր խորհուրդը ծնողներին չշտապելն է:

«Որքան երկար երեխան չորեքթաթ սողա, այնքան ավելի շատ պատրաստ կլինի քայլել և ավելի շատ պատրաստ կլինի ընկնելուն:  Երեխայի համար չափազանց կարևոր է սովորել կոորդիանցիային և ընկնելուն, հակառակ դեպքում՝ ընկնելուց կարող են լուրջ հետևանքներ լինել», – ասաց վնասվածքաբանը:

Ինչ վերաբերում է տարածում ստացող կենգուրու-պայուսակներին, ապա մասնագետը դրանք վտանգավոր չի համարում:

«Կենգուրու-պայուսակում երեխան գորտի դիրքով է, այսինքն ոտքերը բացված են, ընդ որում դա ոտքերի ծռման չի հանգեցնում: Սակայն կա մեկ բայց. չի կարելի դրանցում մինչև 6 ամսական երեխաների տեղափոխել, այսինքն, երբ նրանք դեռ չեն կարողանում նստել, քանի որ տվյալ դեպքում հնարավոր է ուղղահայաց ծանրաբեռնվածություն ողնաշարի վրա:

med.news.am