12 տարի Ռուսաստանում ապրելուց հետո Դավիթ Պետրոսյանը որոշել է վերադառնալ հայրենի Տավուշի մարզի Չինարի գյուղ: Նա ամուսնացել է հարևան գյուղի երիտասարդ ուսուցչուհու հետ ու իր ապագան բացառապես հարազատ գյուղում է պատկերացնում։
«Ես արդեն զբաղվում եմ անասնապահությամբ։ Նպատակս այն է, որ կաթնամթերքի արտադրամաս բացեմ»,– պատմեց Դավիթը` հավելելով, որ արդեն 32 գլուխ անասուն ունի, բայց սրանց ստիպված է հարևան գյուղի արոտավայրերում արածեցնել։
Բանն այն է, որ ի տարբերություն Չինարիի, հարևան գյուղի արոտավայրերը հակառակորդի թիրախում չեն։
Մինչ պանրի արտադրամասի կառուցումը Դավիթ Պետրոսյանն առայժմ ստացած ամբողջ կաթն իրացնում է Չինարիում, քանի որ գյուղի բնակիչները զրկված են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։
Գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղի հողատարածքների շուրջ 70 տկոկոսը չի մշակվում` ադրբեջանական դիրքերի վերահսկողության տակ լինելու պատճառով։
«Մարդ, եթե գյուղում ապրում է ու չի կարողանում հող մշակել, անասուն պահել, ինչո՞վ ապրի։ Ստիպված պիտի գաղթի ճանապարհը բռնի։ Պիտի արտագնա աշխատանքի մեկնի»,– ասաց գյուղապետը` միաժամանակ նշելով, որ այդ պայմաններում Դավիթի վերադարձն ու գյուղում բիզնես սկսելու քայլը կրկնակի խրախուսելի է։
Գյուղ վերադարձած երիտասարդի մասին գյուղապետ Սաղոյանը պատմել է Տավուշի մարզպետին` նրան միջնորդելով հնարավորինս աջակցեն Դավիթի ծրագրերին։