Վրաստանի 108 պետական դպրոցներում ոչ մի առաջին դասարանցի չի լինի 2019-2020 ուսումնական տարում: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաընկերությունը:
Խնդիրը վերաբերում է հատկապես բարձրլեռնային գյուղերին և Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) մերձակա բնակավայրերին: Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե քանի առաջին դասարանցի է այս տարի գրանցվել Վրաստանի դպրոցներում:
Անցյալ տարի պետական դպրոցներում եղել է 50,2 հազարից ավելի երեխա, իսկ մասնավորներում՝ ավելի քան 5,8 հազար: Նոր ուսումնական տարում բոլոր առաջին դասարանցիները, ավանդույթի համաձայն, կստանան նեթբուքեր, բայց այս անգամ՝ բարելավված տեխնիկական հնարավորություններով:
Նեթբուքերում բեռնված են տարբեր ուսումնական ծրագրեր վրացերենի և օտար լեզուների, մաթեմատիկայի և տրամաբանության վերաբերյալ , դպրոցական և արտադասարանային ուղեցույցներ, ուսումնա-ճանաչողական խաղեր:
Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 2084 դպրոց: