SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Սարկիսյանը հայտնաբերվել է գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին: Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա էր հասել խեղդելու հետևանքով: Տեղում դեպքի վայրի զննություն էին կատարել քննիչները՝ Վ. Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով էր բնակվել այնտեղ և այդքան էլ շփում չունեին նրա հետ: