Իռլանդական RyanAir ավիաընկերության ներկայացուցիչները մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացնեն` Հայաստանի ավիաշուկա մուտք կգործեն, թե ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Արդեն հայտնել էինք, որ RyanAir ավիաընկերության ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան, հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ` Ռևազյանի հետ։
«Ավիաընկերության ներկայացուցիչների հետ զրույցից հետո որոշվեց, որ նրանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասեն իրենց դիրքորոշման մասին։ Սակայն այն, որ նրանք շատ են հետաքրքրված Հայաստանով, ակնառու է, այլապես` չէին գա Հայաստան»,–ասաց նա։
Հարցին` մե՞ծ է հավանականությունը, որ RyanAir–ը կմտնի շուկա, Ռևազյանը պատասխանեց, որ երբեք այն այսքան մեծ չի եղել, որքան հիմա։
Հիշեցնենք, որ RyanAir-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ գործընթացի շուրջ քննարկումներ են ընթանում: Նա ներկայացրել էր մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:
Ryanair–ը Եվրոպայի խոշորագույն լոուքոստերն է։