Բահամներում յոթ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը՝ լրագրողների առջեւ ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության կենտրոնակայանում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:
Մինիսը նաեւ նշել է, որ առնվազն 25 մարդ վերքեր է ստացել: Նա ընդգծել է, որ «Դորիանը» լուրջ վնաս է հասցրել երկու խոշոր կղզիների՝ Աբակոյին եւ Մեծ Բահամին:
Վարչապետը հավելել է, որ Աբակո կղզու Մարշ-Հարբոր քաղաքը փաստորեն ամայացվել է փոթորկի կողմից: Տարերքից տուժել է տների ավելի քան 60 տոկոսը:
Նա ընդգծել է, որ «Դորիանը» «ամենամեծ ազգային ճգնաժամն է մեր երկրի պատմության մեջ»: