Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիարժեք աջակցություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ սեպտեմբերի 1-ին Լեհաստանում կազմակերպած հիշատակի միջոցառումներին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու դիրքորոշմանը։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմի թեման շատ զգայուն է հանրապետության համար։ Նա հիշեցրել էր, որ Հայաստանը, այդ ժամանակ ԽՍՀՄ մաս կազմելով, մեծ ներդրում է ունեցել ընդհանուր հաղթանակի գործում։ Փաշինյանին չէին հրավիրել մասնակցելու Լեհաստանում Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակի առթիվ կազմակերպած հանդիսավոր միջոցառումներին, սակայն նրա ներկայությունը սպասվում էր Կրինիցայում անցկացվող տնտեսական ֆորումին։ Բայց ՀՀ վարչապետը հրաժարվել էր մասնակցել կոնֆերանսին։
«Ես տեսել եմ ՀՀ արտգործնախարարի այդ հայտարարությունը և սատարում եմ նրան։ Եվ բոլոր մեր գործընկերներն են աջակցում այդ հայտարարությանը»,– հայտարարեց Զախարովան այսօր` իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ։
Նրա խոսքով` բազմիցս ընդգծվել է, որ այդ հաղթանակը չի կարելի բաժանել ոչ ներկայիս անկախ երկրների միջև, որոնք նախկինում Խորհրդային Միության կազմում էին, ոչ էլ Համաշխարհային երկրորդ պատերազմի դաշնակիցների։ Ընդ որում, նա նշեց, որ Ուկրաինան այդ հարցի վերաբերյալ չեզոք դիրք է զբաղեցնում, ավելացնելով` դա կարելի է բացատրել, հաշվի առնելով, թե ինչ գործընթացներ են այնտեղ հիմա տեղի ունենում։