Դատելու մասին
Advertisement 1000 x 90

Դատելու մասին

Ասաց դարձյալ ծերը. «Ինչո՞ւ ես դու դատում մարդասպանին կամ շնացողին, գողին կամ որևէ այլ չարագործի, քանզի նրանք իրենց անաչառ դատավորն ունեն: Ինչո՞ւ նրանց մեղքը քննես և դատես, իսկ նրանց գլխին կուտակված չարիքը քո գլխին կուտակես:

Եթե հաճախ իմաստությամբ քննելու լինենք, կտեսնենք, որ մեր մեղքերը ավելի չար են, քան նրանցը. անառակ աչքով նայում ենք, դրանով իսկ շնանում ենք, բազում անգամ անարգում ենք եղբորը և պարտական ենք դառ­նում գեհենի կրակին, որովհետև Տերն այս վճիռն արձակեց՝ ասելով. «Ով նայի կնոջը և նրան ցանկանա, շնացավ նրա հետ (Մատթ. Ե 28), և ով իր եղբորն ասի` մորոս, պարտական կլինի հետևել գեհենի կրակին (Մատթ. Ե 22)»:

Եվ որ ամենաահավորն է, բազմիցս անարժանորեն հաղորդվում ենք Տիրոջ մարմնին, իսկ դատում ենք նրան, ով լոկ մարդ է սպանել, իսկ մենք անարժանաբար հաղորդվելու պատճառով՝ քրիս­տոսասպան ենք դառնում և Նրան սպանողներին` հաղորդակից, և ար­դարացի է, որ թագավորի ծիրանին հերձողն ու այն տղմով շաղախողն ու աղտեղողը՝ երկուսն էլ միևնույն պատիժն են կրում:

Այսպես է՝ և՛ նրանք, որ այն ժամանակ Տիրոջը խաչեցին, և՛ նրանք, որ անարժանո­րեն են հաղորդվում Նրա մարմնին` միևնույն տանջանքների պիտի ենթարկվեն` ըստ երանելի Պողոսի խոսքի (Ա Կորնթ. ԺԱ 27-32)»:

surbzoravor.am