Անկասկած, մեր մրցակիցը շատ հզոր է, կարելի է ասել`այս ընտրական խմբում ամենաուժեղ, բայց յուրաքանչյուր խաղում ամեն թիմ, կարող է լավ խաղալ ու արդյունքի հասնել։ Այս մասին Եվրոպայի 2020թ.–ի ընտրական Հայաստան–Իտալիա հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Հարցին, թե ինչ մարզավիճակում է հիմա նա, Մխիթարյանն ասաց` հիանալի։ Ու չնայած իր նախկին թիմի հետ վերջին խաղերում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չի եկել, բայց, իր խոսքով, լիովին պատրաստ է առաջիկա խաղին ու ամեն ինչ անելու է, որ Իտալիայի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականը հասնի դրական արդյունքի։
«Իտալիայի հավաքականի դեմ խաղում ես խաղալու եմ նախ և առաջ գլխով, հետո նոր սրտով, որովհետև ֆուտբոլիստի գործողությունները մտքի թելադրանք են»,–ասաց Մխիթարյանը։
Նա հավաստիացրեց, որ մեր թիմն Իտալիայի հավաքականի խաղը շատ լավ ուսումնասիրել է. «Նրանք սիրում են վերահսկել գնդակը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց զրկենք այդ հնարավորությունից ու փորձենք պարտադրել մեր խաղը։ Դա հեշտ չի լինի, բայց անհնարին ոչինչ չկա»,–նշեց Հենրիխ Մխիթարյանը։
Անդրադառնալով իր` «Ռոմա» տեղափոխությանը Մխիթարյանը նշեց, որ իր դա հայտնի է դարձել տրասֆերային պատուհանի վերջին օրը։ «Գործակալը զանգել է և ասել, որ տարբերակ կա «Ռոմա» տեղափոխվելու, ես էլ համաձայնեցի, քանի որ ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տրամադրում։ Հուսով եմ` «Ռոմայում» կկարողանամ ինձ լավ դրսևորել, թիմն էլ կօգտագործի իմ որակները»,–ասաց ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020թ.–ի ընտրական փուլի Հայաստան–Իտալիա հանդիպումը։