Մարդկանց, որոնք անզգուշության կամ մոռացկոտության պատճառով քնում են կոնտակտային լինզաներով, կուրություն է սպառնում կամ տեսողության հետ կապված անբուժելի խնդիրներ, պնդում են ամերիկացի ակնաբույժները: Նրանց խոսքով՝ կոնտակտային լինզաների հետ կապված բոլոր ինֆեկցիաների մի մասը հանգեցնում է տեսողության վնասման:
Լինզաներն օգտագործելիս թույլ տրվող ամենահաճախակի սխալը դրանցով քնելու սովորությունն է: Դա 8 անգամ մեծացնում է ինֆեկցիաների վտանգը: Ծայրահեղ վտանգավոր է նաև լինզաները նախատեսվածից կամ մասնագետների խորհուրդ տված ժամկետից ավելի երկար կրելը, դրանք հոսող ջրով լվանալը կամ առանց լինզաները հանելու լողավազանում լողալը:
«Կոնտակտային լինզաները տեսողությունը կարգավորելու անվտանգ և արդյունավետ միջոց են, երբ այն հրահանգներին համապատասխան են կրում: Սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ մարդկանցից շատերը այս կամ այն պատճառներով չեն հետևում տվյալ հրահանգներին: Իսկ այդպիսի դեպքերում լինզաները աչքերի համար բավական վտանգավոր են դառնում. Դրանք կարող են հանգեցնել տեսողության մշտական վնասման, որոնք կպահանջեն եղջերաթաղանթի փոխպատվաստում: Կոնտակտային լինզաներ պգտագործողների 10 տոկոսից ավելին, որոնք խախտում են հիգիենայի կանոնները, աչքերի մեջ այնպիսի ուժեղ ցավ են ունենում, որ դիմում են հիվանդանոց, իսկ նրանցից 25 տոկոսը հոսպիտալացվում է: Երբեք չի կարելի քնել կոնտակտային լինզաներով, եթե միայն նման խորհուրդ չի տվել ակնաբույժը»,- ասել է ԱՄՆ Հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնի ակնաբույժ Մայքլ Բիչը: