Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը կարծես թե անակնկալ էր հենց դաշնակից պետությունների համար: Այլևս գաղտնիք չէ, որ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ձգտում է դառնալ գերտերություն: Նա դրան պատրաստվում է արդեն քանի տարի: Հենց այնպես չէր հարևան պետությունների տարածքում ստեղծված ԻՊ չարիքը, որը պարզապես ոչնչացրեց սիրիական պետության տնտեսությունը, ինչու չէ նաև պետությունը:
Էրդողանի նկրտումները միջուկային զենք ունենալու մասով կարող է թանկ նստել թուրքական պետության վրա, սակայն, դրան հասնելու համար Թուրքիան ոչ թե որևէ ուժ է օգտագործելու, այլ բացառապես դիվանագիտությունը, որը նրան հաջողվում է:
Աշխարհում, եթե որևէ պետություն ցանկանում է կառուցել ատոմակայան, ապա դրա թույլտվությունը միջազգային կառույցները տալիս են այն դեպքում, երբ տվյալ պետությունը ստորագրում է միջուկային զենք չստեղծելու, չունենալու մասին պարտավորագիրը:
Իսկ Թուրքիան մտադիր է Ռուսաստանի օգտնությամբ կառուցել ատոմակայան, որպեսզի ձեռք բերի ոչ միայն էներգետիկ անկախություն, այլ նաև տիրապետի որոշակի տեխնոլոգիաների և նյութերի… Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ Թուրքիան ձգտում է Օսմանյան կայսրության սահմաններով պետություն դառնալ, որը նաև կլինի գերտերություն»: