Որքան կթանկանա 20 տարեկան «Օպելը» հունվարից. կառավարությունը «ամորտիզատորներ» է դիտարկում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Որքան կթանկանա 20 տարեկան «Օպելը» հունվարից. կառավարությունը «ամորտիզատորներ» է դիտարկում. armeniasputnik.am

ՀՀ կառավարությունը տարբեր հնարավորություններ է դիտարկում հունվարի 1-ից ավտոշուկայում սպասվող անխուսափելի փոփոխությունների ազդեցությունը մեղմելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը։

2020 թ հունվարի 1-ից ավտոմեքենաների ներկրման գծով Հայաստանը մտնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի գոտի, և էապես փոխվելու են մաքսատուրքի պայմանները:

«Ազդեցությունը լինելու է մաքսատուրքի գծով: Այժմ Հայաստանում գործում է մաքսազերծման 10 % մաքսատուրքի դրույքը: Հասարակության մեջ և ոլորտին առնչվող տարբեր անձանց շրջանում թյուրըմբռնում էր առաջացել, և որոշ խմբեր պնդում էին, թե նոր մեքենաների մաքսազերծումն էժանանալու է, իսկ որոշ խմբեր էլ հակառակն էին ասում: Իրականում դրույքաչափերը տարբեր են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար: Օրինակ` իրավաբանական անձանց համար ԵԱՏՄ անդամ երկրներում վերջին փոփոխություններով նոր մեքենաների դեպքում (մինչև 3 տարվա արտադրության) մաքսատուրքի դրույքաչափը դարձել է 15 տոկոս»,- նշեց Մարտիրոսյանը:

Ասվածից տրամաբանորեն ու պարզ հաշվարկով հետևում է, որ նոր պայմանների դեպքում նույնիսկ ընկերությունների կողմից մինչև 3 տարվա արտադրության (նոր) ավտոմեքենաներ ներկրելիս մաքսազերծման ընդհանուր գումարը չի նվազելու. եթե մինչև այժմ մաքսատուրքի դրույքաչափը 10 տոկոս էր, որին գումարվում էր 20 տոկոս ԱԱՀ-ն և 2 % բնապահպանական հարկը, ապա այժմ իրավաբանական անձանց դեպքում մաքսատուրքը 5 տոկոսով աճելու է՝ 10-ից դառնալով 15 տոկոս: Նշանակում է, որ մաքսազերծման համար պահանջվող գումարի չափն էլ է մեծանալու:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա Մարտիրոսյանը բացատրեց պարզ օրինակով։

Հիմա 2000թ. արտադրության «Օպել-Վեկտրա» կամ «Օպել-Աստրա» մեքենայի շուկայական արժեքը Հայաստանում տատանվում է 3000-3500 դոլարի միջակայքում: Մեքենան ներկրող ֆիզիկական անձի համար ԵԱՏՄ դրույքաչափի պայմաններում միայն մաքսատուրքը կազմելու է 650 դոլար, դրան գումարած՝ ԱԱՀ, գումարած՝ բնապահպանական վճար: Նշանակում է, որ այդ մեքենայի շուկայական արժեքը կդառնա ամենաքիչը մոտ 5000 դոլար: Դա բավականին նկատելի գնային շարժ կլինի թանկացման առումով:

Ըստ որում, իրավաբանական անձանց, պարզ ասած՝ ընկերությունների համար կանոնները մի փոքր այլ են: Բայց ամեն դեպքում փոփոխությունը, օրինակ, 5-7 տարվա ոչ ԵԱՏՄ-ական արտադրության մեքենաների դեպքում, եթե հիմա գործում է մաքսազերծման ընդհանուր 32 տոկոս «դրույքը» (10 տոկոս մաքսատուրք, 20 տոկոս ԱԱՀ, 2 տոկոս բնապահպանական հարկ կամ վճար), ապա ԵԱՏՄ դրույքաչափերի համաձայն` ստացվում է 42 տոկոս (20 % մաքսատուրք, գումարած՝ 20 % ԱԱՀ և 2 տոկոս բնապահպանականը):

Ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը կառավարության վերջին նիստում արժանացավ գործադիրի հավանությանը, ապա դա, պատկերավոր ասած, «ամորտիզատոր» է՝ կոնկրետ նոր արտադրված (մինչև 4 տարվա) մեքենաների ներկրմամբ և Հայաստանի շուկայում իրացմամբ զբաղվող ընկերությունների համար: Մարտիրոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ԱԱՀ-ով գործող իրավաբանական անձանց, որոնք մինչև 4 տարվա կամ ավելի նոր ավտոմեքենաներ են ներկրում, իսկ հավանության արժանացած նախագծով առաջարկվում է 1 տարով այդ ընկերություններին ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Նա ընդգծեց` խոսքը միայն իրացման նպատակով ներկրվող մեքենաների մասին է:

Ըստ մեր զրուցակցի` նաև նման քայլերով կառավարությունը որոշակիորեն փորձում է մեղմել ոլորտում առկա վիճակը, տրամադրությունները և շահագրգիռ կազմակերպություններին հնարավորություն ընձեռել՝ իրենց գործունեությունը շարունակելու և շուկայի փոխվող պայմաններին ադապտացվելու համար:

Նշված օրինագծի ընդունման դեպքում այդ արտոնությունը ԱԱՀ-ով գործող ընկերությունների համար նախատեսվում է սահմանել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

armeniasputnik.am