Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա և շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով և օրվա ցանկացած ժամին: Մարզումներից հետո մրգի օգտագործումն, օրինակ, կարող է խոչընդոտել ավելորդ քաշից ազատվելուն, պնդում է Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ մարզիչներից Քալլում Մելլին:
Նրա խոսքով՝ ամենից առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե օրգանիզմում ածխաջրերն ինչպես են տարրալուծվում, այդ ժամանակ կհասկանանք, թե երբ են անհրաժեշտ մրգերը: Ածխաջրերը օրգանիզմում պահպանվում են երկու ձևով՝ կամ որպես մկանային գլիկոգեն, կամ լյարդային գլիկոգեն: Մկանային գլիկոգենի համար օրգանիզմն օգտագործում է օսլա պարունակող մթերքներ, իսկ լյարդայինի համար՝ ֆրուկտոզա (մրգերից ստացվող բնական շաքար):
Ածխաջրերը էներգիայի կարևոր աղբյուր են, որն անհրաժեշտ է թե՛ մկանների, թե՛ ուղեղի աշխատանքի համար: Այդ պատճառով այն պետք է ուտել այն ժամանակ, երբ օրգանիզմն այդպիսի էներգիայի կարիք ունի:
Մարդկանցից շատերը սխալմամբ կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո պետք է միրգ օգտագործել՝ մկանային գլիկոգենը լրացնելու համար: Բայց ճշմարտությունն այն է, որ մրգերը միայն լյարդային գլիկոգենն են լրացնում, իսկ մկանային գլիկոգենը պետք է լրացնել օսլա պարունակող մթերքների օգնությամբ՝ ՝ բրնձի և կարտոֆիլի:
Ե՞րբ է անհրաժեշտ օգտագործել մրգեր: Առավելագույն էներգիա ստանալու համար ավելի լավ է դա առավոտյան անել և մինչև ֆիզիկական ծանրաբեռնվածության սկիզբը: