Իզաբելլա Աբգարյան. «Գուցե մեկին պետք է լսել սա… Գուցե կորցված է իրեն զգում…»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Գուցե մեկին պետք է լսել սա… Գուցե կորցված է իրեն զգում…»

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գուցե մեկին պետք է լսել սա… Գուցե կորցված է իրեն զգում…

Մապաներին

Դու մապա ես՝ մամա ու պապա, որ պիտի միայնակ իր ուսերին վերցնի այն ծանր բեռը, որը պիտի երկու հոգով տանեիք: Ընդ որում, մարդիկ կարող են մտածել, թե հիմնական բեռը ֆինանսականն է, բայց կսխալվեն:

Առանց երկրորդ կեսի առաջին Նոր տարուն շամպայնը բացել չկարողանալու խուճապդ ու հուսահատությունդ վկա … Քեզ անընդհատ ձիգ պահելու ու մենակով երկու չափաբաժին սեր, ուշադրություն, հոգատարություն տալու գերուժդ վկա:

Եթե նույնիսկ հոգնել ես, մտածում ես, թե էլ չես կարող, հոգու խորքում լավ էլ գիտես, որ կարող ես: Ու երբ կտեսնես, թե ոնց է հարևան պապան մեքենայից իջեցնում մեծ ձմերուկը, որ տանի իր ընտանիքին, վատ չզգաս, լսո՞ւմ ես: Ձմերուկի քաշը չի կարևոր, այլ՝ ինչ միջավայրում են այն ուտում: Քո գնած հինգ հատ խնձորը, որ ուտում եք իրար հետ ծիծաղալով, իրար լսելով, իրար քաջալերելով, շատ ավելի ծանր է, քան ձմերուկը, որը հինգ հարկ բարձրացնելու համար մկան ես թաքուն ամրացնում:

Եթե դեռ նոր ես հայտնվել մապայի կարգավիճակում, պիտի անցնես այն դժոխքով, որում ոմանք նախընտրում են մնալ ու սնվել զոհի, «թողածի» կարգավիճակով: Մտովին անվերջ կռիվներ, սոցցանցերում գաղտնի այցեր իր էջ, ցավ, ատելություն, արցունքներ: Ռադ արա:

Արցունքների մասին: Լացիր: Մի զսպի քեզ: Չհոսած ցավը կարծրանում է, քեզ քար դարձնում, արգելափակում ոչ միայն վատը, այլ՝ լավը զգալու ունակությունդ: Լացիր, գոռա, հայհոյի բարձրաձայն, եթե սիրտդ ուզում է: Բայց ոչ ձագուկներիդ առաջ: Եթե չստացվեց, նրանց առաջ աչքերիցդ գետերը հոսեցին, ժպտա նրանց ու հանգիստ բացատրի, որ դու հրաժեշտ ես տալիս բացասականին:

Ամենակարևորը, որ պիտի անես: Հանկարծ ձագուկներիդ մոտ մեղքի զգացում չառաջացնես: «Բարի մարդիկ» կողքից կասեն «երկու երեխեն վզիդ քար կախած թողեց»… Փակիր նրանց բերանները, իզոլացրու քեզանից ու քո գանձերից:
Ջագուկներդ պիտի իմանան, որ քո ամենամեծ նվերն են, որի համար շնորհակալ ես իրենց հորից:

Հավատացեք, չկա ավելի խղճուկ տեսարան, քան մայրը, որ թաքցնում է իր մայրությունը՝ սոցցանցերում իրեն «ազաբ ծիտ» ներկայացնելով, չգրելով իր երեխաների մասին, ցույց չտալով նրանց լուսանկարները, չխոսելով իր մայրական զգացումների մասին:

Գուցե այդպիսով հույս ունեն «կյանքը դասավորել», «մեկին գտնել», ինչպես անդադար խորհուրդ են տալիս:
Բայց կյանքը պահարան չի, որ դասավորես: Դասավորածդ մի վայրկյանում կխառնվի:

«Մեկին» էլ գտնելը բարդ չի: Բայց ինչի՞դ է պետք այդ մեկը, որ պիտի զմայլվի երկար ոտքերովդ կամ սիրուն ժպիտովդ, որ լուսանկարվելիս ես դեմքիդ փակցնում: Ինչի՞դ է պետք «մեկը», ում համար դու ծիտ ես, ոչ թե մայր, կին, ՄԱՐԴ, ում հետ կուզի կիսել լավն ու վատը:

Մի շտապիր, մի վախեցիր մենակ մնալուց: Վախեցիր փակվելուց, վախեցիր առաջին պատահածից կառչելուց, վախեցիր քեզ ու նրան խաբելուց:

Դու լքված չես: Դու ազատ ես ու ունես մեծ հնարավորություն՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Ընտրություն, թե ով է արժանի լինել կողքիդ, ընտրություն, թե ինչ ես ուզում անել քո կյանքի հետ:

Պինդ կաց, բայց չքարանաս: Գրկում եմ»:

 



Նման նյութեր