Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում էլ է, որ դա տեղի չունենա: Այդ մասին քահանայապետը լրագրողներին ասել է ինքնաթիռում Աֆրիկայից վերադարձի ճանապարհին, որտեղ նա եղել է Մոզամբիկում, Մադագասկարում եւ Մավրիկիոսում:
«Եկեղեցու պատմության մեջ եղել են բազմաթիվ պառակտումներ, եթե մենք դիմենք ակունքներին, ապա այնտեղ եղել է պառակտում պառակտման հետեւից, ամբողջ ժամանակ ինչ-որ մեկն անջատվել է իր վարդապետությամբ ու գաղափարախոսությամբ: Որպեսզի դա տեղի չունենա, ես պատասխանում եմ քննադաությանը, որպեսզի օգնեմ: Բայց դա Վատիկանի Երկրորդ ժողովի հետեւանքներից մեկն է, ոչ թե այս կամ այն պապի գործողությունների հետեւանքը»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Քահանայապետի այդ պատասխանը վերաբերել է ԱՄՆ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ հարցին: